Մարիաննա Կարապետյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անկետադիր» խորագրով, լույս է տեսել 2021 թ.: Art365-ը ներկայացնում է բանաստեղծուհու՝ այդ ժողովածուից վերցված նաև նոր բանաստեղծությունների մի շարք:
սէր խոստովանիր աշխարհի մեռած
հին լեզուներով
քրմուհի կարգիր հեթանոսական լքված տաճարում
ծեսեր մատուցիր
ինձ երկրպագիր
դափնիներ նետիր
այն ուղիներին
որ դեռ կքայլեմ
ոտնաթաթերիս
սահուն հետքերին
շաղ տուր ծիծաղներ
որ դեռ կհնչեն
ուխտադրուժ եղած բոլոր մոգերին
ներում շնորհիր
թող փառաբանեն
Կին-Հելլենուհուն
կուռքի վերածիր այն Աստվածուհուն
որ անջնջելի հոսում է քո մեջ
քո երակներում
արալեզի պես գինովցած եղիր
միայն ինձանով
ինձ սէր շշնջա աշխարհի բոլոր հին լեզուներով…
*****
ծնկիր իմ առաջ
համբուրիր փեշս
առաջվա նման
իրական ստիր
որ հորիզոնը անծայրածիր է
ու ժամանակը կանխատեսելի
որ թռչունները չվում են հարավ
լքում են տունը բույնը ձագերին
որ սրճարանը անշունչ է անսէր
որ իմ գալուստին երկար ես սպասել
որ րոպեները դար են թվացել
ու անկողինդ ոչ ոք չի լցրել
որ անձրևները հաճախ են թացել
անսէր սէրերը հերթով գնացել
ծնկիր իմ առաջ հերթական ստիր
որ կարոտներդ անտեր են եղել
ոչ ոք չի սփոփել
որ մայրամուտը բոսոր է եղել
արևածագը մի քիչ խունացած
երբ ես չեմ եղել
որ ամեն գիշեր մի քիչ մեռել ես
հարություն առել արևաթացին
Իմ Աններելի
իրական ստիր
թող որ բառերիդ ես լինեմ գերի…
*****
դեղին տերևների խշշոցը
չոր աղոթք է դարձել անցորդների ոտքերի տակ
ու մայրամուտը կրակ հագած
ծիկրակում է ամպերի սավանի տակից
հողը նիրհում է
հաջորդող բոլոր առավոտներս սառն ենու անքեզ
երևի դրսում աշուն է հիմա
քո գրկում անուշ գարունն է ննջում
մահն է խռովել
հեռվում լսվում են ջազի նոտաներ
որ մերթընդմերթ մոտենում
ու զարնվում են
հիշողությանդ ափերին
ամեն ինչ անցողիկ է Սէր իմ
նույնիսկ այս պահը
որ փորձում ես հավերժացնել կոպերիդ ներսում
ամեն ինչ անցողիկ է…
*****
բոլորն են Հուդա Սիրելիս
ես … դու …
նույնիսկ պոռնիկը քո նախորդ օրվա
որ երդվել էր հավերժ քեզ սիրել
բոլորն են լքում Սիրելիս
տուն սէր հայրենիք
ու … կյանք
որ տրված էր ապրել միայն մեկ անգամ
շուրջը դատարկ է
փողոցն անկենդան
հոգու սով դրսում
և անհիշատակ վախճանված մի օր
փոշիանում է ռունգերում չարքի
հնազանդվում է դիվային կամքին
անկենդան մի ստվեր արալեզի պես
ձեռնոց է նետում անկեղծությանը
իր գիրկն է առնում սուտ բարեպաշտին
ու խոստանում է հավիտենություն
ի ՜նչ հիմարություն…
բոլորն են Հուդա Սիրելիս…
*****
ես քո մանրուքներում եղա
թերթածդ բոլոր էջերի մատնահետքերում
ու գրչատուփիդ փոշեհատիկում եղա հայելուդ
արտացոլանքում
անծանոթների ժպիտում
կիսատ բաժակում
ու երկնից կաթող գարնան առաջին ցողի մեջ եղա
ես քո մտքերում ու մտքիցդ թռած
բոլոր օրերում եղա
քո սրտի զարկում
դիմագծերում
գինուց արբեցած քայլվածքում եղա
կոկիկ բաճկոնիդ ու պարանոցիդ
սահմանագծում
վերնաշապիկիդ անփույթ ծալքերում
ու գլխացավից նվվացող նյարդիդ թելերում եղա
անքուն գիշերվա կոպերիդ ներսում
կիսով չափ սիրված ու թաքուն եղա
քամու սուլոցով
անձրևի թացով
հպանցիկ քայլքով
եկա ու անցա
*****
իմ տունը դու ես
բոլոր ճաքերով
կնճռոտ տանիքով
թեքված սանդուխքով
անհարմար դռնով
իմ տունը դու ես
խարխուլ պատերով
հանգած լապտերով
անտեր կարոտով
իմ տունը դու ես
այնքան հարազատ
այնքան մտերիմ
ու այնքան օտար
իմ տունը դու ես
հիմքն ու սյուներն ես
կողքի սենյակի
ցածր զրույցն ես
բուխարու միջի կրակն
ու ջերմն ես
իմ տունը դու ես
պատին փակցված
մշեցի պապիս
բարի ժպիտն ես
անկյունում դրված
սրբապատկերի
մոմի ճրագն ես
իմ հարազատն ես
ու իմ միակն ես