Հռոմի կայսր(161-180), իր ժամանակի ամենաուսյալ մարդկանիցի մեկը՝ Մարկուս Ավրելիուս Անտոնիուսը(121-180) հայտնի է ոչ միայն պետական ու ռազմական գործունեությամբ, հաղթանակներով, մասնավորապես պարթևների, գերմանական ցեղերի ու սարմատների նկատմամբ, այլև իր իմաստասիրական խորհրդածություններով։ Այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն Հռոմը շենացրած, պատերազմներում հաղթանակած առաջնորդին, այլև առաջին հերթին իմաստուն ու մարդասեր անձին։ «Խորհրդածություններ» պայմանական անունը կրող օրագրային գրառումները հեղինակը ստեղծել է կյանքի վերջին տասը տարիների ընթացքում։ Դրանք ավելի շատ ինքն իրեն ուղղված թևավոր խոսքեր, իմաստասիրություններ են, որոնց նպատակն է՝ ինքնակատարելագործումը, հոգևոր ներդաշնակության պահպանությունը։ Ըստ էության դրանք երկխոսություններ են հոգու հետ, որոնք սակայն իրենց խորությամբ, հոգեբանական համոզչականությամբ, հետաքրքրել ու գրավել են հետագա շրջանի ընթերցողներին։ Art365-ը ներկայացնում է այս՝ բոլոր ժամանակներում ուսանելի երկից մեկ հատված, որտեղ հեղինակը շնորհակալությամբ հիշում է ու թվում այն բոլոր առաքինությունները, բնավորության գծերը, որոնք նա ստացել է կյանքի ընթացքում, որոնց շնորհի դարձել այնպիսին, ինչպիսին կա։
1. Իմ պապից՝ Վերուսից, [ժառանգել եմ] բարի բնավորություն ու անվրդովություն։
2. Հորս համբավից և նրա մասին հիշողությունից [սովորել եմ] համեստություն ու առնականություն։
3. Մորիցս` աստվածավախություն, առատաձեռնություն ու հրաժարում ոչ միայն չարագործությունից, այլև անգամ այդ մասին մտածելուց. և պարզություն կենցաղում՝ հեռու հարուստների ապրելակերպից:
4. Մեծ պապիցս` չհաճախել հանրային դպրոցներ, այլ սովորել տանը լավ ուսուցիչներից և հասկանալ, որ նման բաների վրա պետք է շռայլորեն փող ծախսել:
5. Դաստիարակիցս՝ չդառնալ ոչ «Կանաչների», ո՛չ «Կապույտների», ոչ «Թեթև վահանների», ոչ էլ «Ծանր վահանների» կողմնակից և տոկունություն ու սակավապետություն, ինքնուրույնություն, չխառնվել ուրիշի գործերին և ականջ չդնել չարախոսությանը։
6. Դիոգնետոսից՝ ունայն ջանքեր չգործադրել, չհավատալ հմայությունների, դիվահալածության և նման բաների մասին հրաշագործների ու կախարդների դատարկախոսությանը, և լոր չկռվացնել, ոչ էլ ոգևորվել նման զբաղմունքներով, և ազատ խոսքը, ծանոթանալ փիլիսոփայությանն ու լսել նախ Բակքիոսին, ապա՝ Տանդասիսին ու Մարկիանուսին և տղայության հասակում տրամախոսություններ գրել, ցանկանալ քնել չոր մահճակալի ու մորթու վրա, ինչպես նաև այն ամենը, որ հատուկ է հույների կենսակերպին։
7. Ռուստիկուսից` պատկերացնել, որ բնավորությունս շտկելու և բուժելու կարիք կա, և սոփեստությամբ չտարվել, ոչ էլ վերացական բաների մասին գրել կամ խրատական ճառեր ասել, կամ, ինքս ինձ ճգնավոր կամ բարեգործ այր երևակայելով, այդպիսի կեցվածք ընդունել նաև ճարտասանությունից, բանաստեղծությունից ու նրբին խոսքից հեռու մնալ, [փիլիսոփայի] իմ պարեգոտով տանը չշրջել ու նման արարքներից խուսափել, և նամակները պարզ գրել ինչպես Սինուեսսայից նրա գրածն իմ մորը, և տրամադրվել իսկույն հաշտվելու նրանց հետ, ովքեր զայրացել ու անարգել են [ինձ], հենց որ նրանք հակված լինեն զղջալու, և մանրամասն կարդալ ու չբավարարվել ընդհանուր ընկալմամբ, ոչ էլ անմիջապես համաձայնել ճամարտակների հետ. և ծանոթանալ էպիկտետյան գրվածքներին, որոնք նա իր գրադարանից հատկացրեց ինձ:
8. Ապոլլոնիոսից անկախություն ու պատահականությանը չապավինելու վճռականություն, և ոչ մի բանի ուշադրություն չդարձնել, թեկուզ մի պահ, բացի բանականությունից և մշտապես մնալ նույնը՝ սաստիկ տանջանքի, զավակի կորստյան, թե երկարատև հիվանդության ժամանակ և կենդանի օրինակով հստակ տեսնել, որ նույն մարդը կարող է լինել խիստ բռնկուն ու խաղաղված և բացատրելիս դյուրագրգիռ չլինել և հանձին նրա] տեսնել մի մարդու, որն ակնհայտորեն իր արժանիքներից փոքրագույնն է համարում վերացական հասկացություններին հաղորդակից դարձնելու փորձն ու հմտությունը․ և իմանալ, թե ինչպես պետք է բարեկամներից ընդունել թվացյալ շնորհներ՝ ո՛չ նվաստանալով, ո՛չ էլ անտարբերությամբ նրանց ճամփու դնելով:
9. Սեքստուսից բարեհաճություն, հայրիշխան տան օրինակը, ըստ բնության ապրելու գաղափարը, արժանապատվություն՝ առանց ձևականության, ուշադիր նրբանկատություն ընկերների հանդեպ և համբերատարություն ռամիկների ու անգետների նկատմամբ և բոլորին հեշտությամբ հարմարվել, այնպես որ նրա հետ զրույցը հաճելի էր ցանկացած քծնանքից, սակայն, միաժամանակ, նա մեծագույն ակնածանք էր ներշնչում նույն զրուցակիցներին:
Նաև կյանքին անհրաժեշտ սկզբունքներն ըմբռնումով ու հետևողականորեն հայտնաբերել դասակարգել, երբեք ցասում կամ որևէ այլ կիրք չդրսևորել, կրքերից իսպառ զուրկ և միաժամանակ հույժ սիրառատ լինել, գովել անաղմուկ ու բազմիմացությունը չցուցադրել:
10. Ալեքսանդրոս քերականից՝ չհանդիմանել և անպարսավ ընդունել օտարաբանությունը, սխալ կամ անբարեհունչ արտաբերված խոսքը՝ նրբորեն ճիշտ արտասանելով հարկ եղած բառերը՝ իբրև պատասխան, լրացուցիչ փաստարկ կամ լրացուցիչ դատողություն բուն նյութի, այլ ոչ լեզվի մասին, կամ էլ [դա անել] որևէ ուրիշ նմանատիպ, տեղին ակնարկի միջոցով:
11. Ֆրոնտոնից` հասկանալ, թե ինչպիսին է բռնակալների նախանձը, քմահաճությունն ու կեղծավորությունը, և թե առհասարակ մեր՝ այսպես կոչված պատրիկները որքան զուրկ են սիրելու ունակությունից:
12. Պլատոնական Ալեքսանդրոսից՝ հաճախ ու առանց անհրաժեշտության որևէ մեկին չասել կամ նամակում չգրել՝ «Զբաղված եմ», ոչ էլ այդ եղանակով շարունակ խույս տալ շրջապատի հանդեպ պարտականություններից՝ պատճառ բերելով կուտակված գործերը:
13. Կատուլուսից ` անուշադրության չմատնել ընկերոջ կշտամբանքը, եթե նույնիսկ նա անտեղի կշտամբի, և փորձել վերականգնել նրա սովորական վերաբերմունքը․ և ուսուցիչներին սրտանց գովաբանել, ինչպես որ պատմում են Դոմիտիուսի ու Աթենոդոտոսի մասին և իրոք սիրել զավակներին:
14. Սևերուսից` սեր տնեցիների հանդեպ, ճշմարտասիրություն ու արդարասիրություն։ Եվ նրա՛ շնորհիվ ես իմացա Թրասեայի, Հելվիդիուսի, Կատոնի, Դիոնի, Բրուտուսի մասին, նաև պատկերացում կազմեցի իրավական՝ հավասարության ու խոսքի ազատության սկզբունքներով կառա- վարվող պետության վերաբերյալ (այնպիսի միապետության, որ ամեն ինչից վեր է դասում հպատակների՝ ազատությունը):
Նրանից՝ նաև մշտական ու անխախտ հարգանք փիլիսոփայության հանդեպ, բարի գործեր, անսահման առատաձեռնություն ու լավատեսություն, ընկերներից սիրված լինելու վստահություն. և այն, որ անկեղծ էր նրանց նկատմամբ, ովքեր արժանացել էին իր պարսավանքին, որ նրա ընկերները կարիք չունեին գուշակելու, թե նա ինչ է ուզում կամ չի ուզում, քանզի դա բացահայտ էր:
15. Մաքսիմուսից` ինքնատիրապետում ու ոչ մի դեպքում՝ անկայունություն, և կայտառություն՝ ինչպես այլևայլ հանգամանքներում, այնպես էլ հիվանդության ժամանակ, և հավասարակշիռ բնավորություն, սիրալիրություն ու պատկառելի կեցվածք, և անտրտունջ կատարել առաջադրանքները։
Նա բոլորին հավատ էր ներշնչում իր հանդեպ, որ ասում է այն, ինչ մտածում է, և ինչ որ անում է, չարամտորեն չի անում։ Եվ չզարմանալ ու չահաբեկվել, ոչ մի տեղ չշտապել ու չհապաղել, կամ չշփոթվել, չընկճվել և բռնազբոս չժպտալ, ոչ էլ զայրանալ ու կասկածել:
Եվ լինել բարերար, ներողամիտ ու շիտակ, ավելի շուտ անխոտոր, քան ուղղելի մարդու տպավորություն թողնել, և այն, որ ոչ ոք երբևէ չէր կարծի, թե նա վերևից է նայում իրեն, բայց և չէր հանդգնի պատկերացնել, թե ինքը նրանից բարձր է. և քաղաքավարություն:
Աղբյուրը՝ Մարկուս Ավրելիուս Անտոնիուս, Խորհրդածությունները/հունարենից թարգ․ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի/ Երևան, Զանգակ, 2018: