Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ամենաուշագրավ հատվածներից մեկը Եդեսիայի Աբգար թագավորի քրիստոնեություն ընդունելն ու Հիսուս Քրիստոսի հետ նամակագրությունն է։ Ըստ Խորենացու թագավորի մարմինը «ապականված էր չարաչար ցավերով» և նա բժշկման այլ ելք չի գտնում, քան Փրկչին նամակ գրելը և նրանից օգնություն խնդրելը։ Այդ զարմանալի նամակն ունի հուզիչ ու խորիմաստ բովանդակություն, էլ ավելի սրտառուչ է Փրկչի պատասխանը։ Երկու դեպքում էլ կարևոր ուղերձը վերաբերում է հավատի էությանն ու գլխավոր փորձաքարին․ հավատալ առանց տեսնելու շոշափելու, ընդունելու Աստծուն ամբողջ սրտով` նրա գործած հրաշքների մասին ուղղակի լսելով։ Սա թերևս ամենադժվարն է անհավատների ու նաև հավատալ ցանկացողների համար։ Այդուհանդերձ, այս ներշնչող պատումը ոչ միայն մտածել է տալիս հավատքի դժվարությունների մասին, այլև ներկայացնում է Հայաստանում քրիստոնեության հաստատման ընթացքը, քանի որ հենց Աբգարին բժշկելու համար է Հայաստան գալիս Թադեոս առաքյալը, քարոզում մեր երկրում, հրաշքներ գործում ու բժշկություններ կատարում, ապա նահատակվում։ Թադեոսին հաջորդում է նաև Բարդուղիմեոս առաքյալը, որի քարոզչության մասին Պատմահայրը շատ հակիրճ է նշում։ Սրբերի վարքը հայտնի է նաև այլ աղբյուրներից։ Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների, առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը 2022 թվականին նշում է դեկտեմբերի 2-ին: Art 365-ը ներկայացնում է Մովսես Խորենացու պատմության այս հատվածը։
ԱԲԳԱՐԻ ԹՈՒՂԹԸ ՓՐԿՉԻՆ
Աբգար Արշամի, աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմացոց աշխարհում երևեցար, ողջույն։
Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին տեսնել ես տալիս, կաղերին քայլեցնում ես, բորոտներին մաքրում ես, չար ոգիները և դևերը հանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, նաև մեռածներին կենդանացնում ես: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը— կա՛մ որ դու աստված կլինես, որ երկնքից իջել ես և այս բաներն անում ես, կամ Աստծու որդի կլինես, որ այդ անում ես։
Այս պատճաառով քեզ գրեցի, աղաչելով որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը:
Նաև լսեցի, թե հրեաները քեզանից տրտնջում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է:
Թուղթը տանողները նրան պատահեցին Երուսաղեմում: Այս բանը վկայում է և ավետարանի խոսքը թե «Կային հեթանոսներից ոմանք, որ եկել էին նրա մոտ» Այս պատճառով լսողները չհամարձակվեցին ասել Հիսուսին, այլ ասացին Փիլիպպոսին և Անդրեասին, և նրանք ասացին Հիսուսին: Իսկ մեր փրկիչը հանձն չառավ ինքը գնալ այն ժամանակ, երբ Արգարը նրան կանչում էր, այլ նրան արժանացրեց թղթի, որ այս բովանդակությունն ունի.
ԱԲԳԱՐԻ ԹՂԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ՈՐ ԳՐԵՑ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔՅԱԼԸ ՓՐԿՉԻՆ ՀՐԱՄԱՆՈՎ
Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն:
Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին։
Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսացիների քաղաքում:
ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՔԱՐՈԶՈՒԹՅՈՒՆԸ` ԵԴԵՍԻԱՅՈՒՄ
Բայց մեր փրկչի համբառնալուց հետո Թովմաս առաքյալը, տասներկու (առաքյալներից) մեկը, Եդեսիա քաղաքն ուղարկեց Թադեոսին, յոթանասուն (աշակերտներից), որպեսզի Աբգարին բժշկե և Ավետարանը քարոզե տիրոջ ասածի համաձայն։ Նա եկավ և իջևանեց հրեա Տուբիա իշխանի տանը, որի մասին ասում են, թե Բագրատունյաց ցեղից էր և Արշամից խուսափելով՝ հրեական կրոնը չուրացավ իր մյուս ազգականների հետ, այլ նույն կրոնով մնաց մինչև Քրիստոսին հավատալը: Եվ նրա (գալու) համբավը ողջ քաղաքում տարածվեց: Արգարը լսելով ասաց. «Դա այն մարդն է, որի մասին Հիսուս գրեց», և իսկույն նրան կանչեց: Երբ Թադեոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին. նա գահից վերկացավ և երեսի վրա ընկնելով նրան երկրպագեց. շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացան, որովհետև տեսիլքը չիմացան: Արգարը նրան հարցրեց. «Իսկապես դու օրհնյալ Հիսուսի աշակե՞րտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարո՞ղ ես իմ ցավերը բժշկել»: Թադեն նրան պատասխանեց. «Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին, աստծու որդուն, քո սրտի բոլոր ցանկացածները կստանաս։ Աբգարը նրան ասաց. «Ես հավատացի նրան և նրա հորը, ուստի կամենում էի զորքերս առնել և գալ կոտորել նրան խաչող հրեաներին, եթե հռոմայեցիների թագավորությունն այս բանը չարգելեր»:
Այստեղից սկսելով՝ Թադեոսը քարոզեց ավետարանը նրան և բոլոր քաղաքին. ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես և քաղաքի իշխանին, որ հիվանդ էր պոդագրայով և մեծ պատիվ էր վայելում թագավորի արքունիքում, և առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիվանդներին և ախտավորներին: Եվ բոլորը Հավատացին, և մկրտվեցին ինքը Աբգարը և ամբողջ քաղաքը: Կուռքերի մեհյաններիի դռները փակեցին, և բագինի ու սյունի վրա եղած պատկերները եղեգով պատեցին: Նա ոչ ոքի բռնությամբ չէր դարձնում հավատի, բայց հավատացյալներն օր-օրի վրա ավելանում էին:
ՄԵՐ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աբգարից հետո Հայոց թագավորությունը երկու մասի է բաժանվում, որովհետև նրա Անանուն որդին թագադրվեց ու թագավորեց Եդեսիայում, իսկ նրա քեռորդին Սանատրուկը (թագավորեց) Հայաստանում: Սրանց ժամանակ պատահած անցքերն առաջուց գրված են ուրիշներից, ինչպես Թադեոս առաքյալի Հայաստան գալը, Սանատրուկի հավատալը և (հետո) նախարարների երկյուղից հավատը թողնելը, առաքյալի և նրա հետ եղողների կոտարածը Շավարշան գավառում, որ այժմ Արտազ է կոչվում, ապառաժ քարի պատռվելը, և առաքյալի մարմինն ընդունելով էլի իրար գալը, հետո՝ աշակերտների նրա մարմինն այնտեղից առնելը և դաշտերում թաղելը, և թագավորի Սանդուխտ դստեր նահատակվելը ճանապարհին մոտ, և վերջերս երկուսի նշխարներն հայտնվելը և առապարը փոխադրվելը: Այս բոլորը, ինչպես ասա ցինք, մեզանից առաջ պատմված է ուրիշներից, ուստի կարևոր չհամարեցինք մանրամասն կրկնել: Նույնպես մեզանից առաջ ուրիշներից պատմված է առաքյալի աշակերտ Ադդեի կատարածը Եդեսիայում Աբգարի որդու ձեռքով:
Սա (Աբգարի որդին) հոր տեղ թագավորելով՝ հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց: Եվ մարդ ուղարկեց Ադդեի մոտ, որ իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես առաջ անում էր իր հոր համար: Պատասխան ընդունեց, թե «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան զազաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի աստծուն»: (Թագավորն) իսկույն հրամայեց իր զինակիրներից մեկին, որ նրա ոտները սրով կտրե: Նա գնալով տեսավ, որ նստած էր վարդապետության աթոռը, սրով խփեց, նրա սրունքները կտրեց դեն գցեց, և նա իսկույն հոգին ավանդեց: Այս էլ ծայրաքաղ անելով համառոտ հիշատակեցինք, քանի որ առաջուց ուրիշներից պատմված է:
Բայց հայերին վիճակվեց նաև Բարդուղիմեոս առաքյալը, որ նահատակվեց մեզ մոտ Արեբանոս քաղաքում․․․։