Ամենայն Հայոց Կաթողիկոս(1166-1173) և մեծ բանաստեղծ, երգահան ու աստվածաբան, հիանալի մանկավարժ ու քաղաքական գործիչ․ Ներսես Դ Կլայեցին (1102/3-1173) կամ ինչպես առավել հայտնի է Ներսես Շնորհալին, հայոց պատմության ամենապայծառ ու նշանավոր գործիչներից է։ Ոչ գիտական և եկեղեցական շրջանակներում, թեև նա առավել հայտնի է որպես «Առավոտ լուսո» շարականի, «Ողբ Եդեսիո» երկի ու հանելուկների հեղինակ, սակայն բազմաշնորհ հայրապետը մեծածավալ գրական ժառանգություն ունի, որի ամենանշանակալի գործերն են՝ «Թուղթ ընդհանրականը», «Հաւատով խոստովանիմ» բացառիկ աղոթքը՝ թարգմանված երեք տասնյակից ավելի լեզուներով, «Յիսուս որդի» մեծածավալ պոեմը, մեկնողական, աստվածաբանական ու գեղարվեստական այլ երկեր, տաղեր, թղթեր և այլն։ Դժվարին ժամանակներում դառնալով կաթողիկոս, Ներսես Շնորհալին մեծ մասնակցություն է ունեցել ժամանակի եկեղեցական ու քաղաքական միջազգային հարաբերություններին։ Սուրբ Ներսես Շնորհալու գրական ու երաժշտական վաստակը, քաղաքական ու եկեղեցական գործունեությունը երեք օր շարունակ ներկայացվեցին ու քննարկվեցին Մաշտոցյան Մատենադարանում անցկացվող հայագիտական միջազգային գիտաժողովի ընթացքում՝ հունիսի 23-26-ը։
Հայաստանից ու արտերկրից ժամանած հայագետների մասնակցությամբ անցկացված գիտաժողովում ներկայացվեց 61 զեկուցում։
Ներսես Շնորհալու գործուներությանն անդրադարձան պատմաբաններն ու լեզվաբանները, գրականագետներն ու երաժշտագետները, արվեստաբաններն ու թարգմանիչները։ Զեկուցողները բարձր գնահատեցին այն հսկայական ներդրումը որ Սուրբ Ներսեսն ունեցել է մեր մշակույթի պատմության մեջ։ Կարևորվեց Հայրապետի ստեղծագործության պատշաճ ուսումնասիրությունն ու հանրահռչակումը Հայաստանում և Սփյուռքում։
Զուգահեռաբար Մատենադարանում բացվեց «Ներսես Շնորհալու ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացվեցին երեք տասնյակ ձեռագրեր ու գրքեր, բազմաշնորհ հայրապետի կյանքի ու ստեղծագործության հետ առնչվող այլ նյութեր։
Ցուցադրության ժամանակ առաջին անգամ ներկայացվեց քանդակագործ Թերեզա Միրզոյանի «Թորոս Ռոսլին» քանդակը, որը քանդակագործի դուստրը՝ Անուշ Առաքելյանը նվիրեց Մատենադարանին։
Միջոցառումները նվիրված էին Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում: