Ճանապարհի դժվարությունը
Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ․ «Մի համառե՛ք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողեք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»․․․ Այս և նման այլ արտահայտություններ։ Ես ճաշակել եմ այդ բոլորը։
Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել։
Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել։
Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ։
Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ։
Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար։
Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել։
Ո՛չ զոհ, ո՛չ սուրբ
Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել։ Բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ։
Ուստի, ես ինձ ո՛չ զոհ եմ համարում, ո՛չ էլ սուրբ։ Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ, ես էլ մյուսների նման, մարդ եմ։ Ես էլ իմ հերթին, հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել։ Գնահատել չիմանալով իսկական սերը, վազել եմ վաղանցիկ սերերի ետևից։
Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ․․․ Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը․․․
Այն ինչ կամ
Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, ու պատճառն այն չէ, հավատացեք ինձ, որ ուզում եմ թաքցնել կյանքիս մութ անկյունները, ո՛չ։ Ես պարզապես չեմ ուզում ձեզ մասնակից դարձնել իմ հույզերին ու տխրություններին։ Հաջողության հասած մարդը չպետք է իր անցած ծանր օրերի սրտաճմլիկ նկարագրությունն անի։
Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով, երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց ինձ։
Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս։
Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ։
Աղբյուրը՝ Ազնավուրը Ազնավուրի մասին(թարգմ. Ս.Բուրսալյանի), Երևան, 1976