«Զանգակ» հրատարակչությունը՝ շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց․․․» նախագիծը, չարենցասերներին՝ բանաստեղծի 125-ամյակին ընդառաջ, ներկայացրեց նոր՝ «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին։ Սիրված նախագծի արդեն վեցերորդ հատորի, ինչպես նախորդների կազմողն ու խմբագիրը՝ գրականագետ Հայկ Համբարձումյանն է։
Գրքի առաջաբանում գրականագետը այսպես է բնութագրում ժողովածուն․
«Ընտրանիում ընդգրկված են Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա՝ սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ և այլն։ Չարենցյան ողբերգական ու հակասական պատումը ներկայացնում է մեծ ու հանճարեղ անհատին՝ անձնական ու ազգային ողբերգությունների, պատերազմների ու հեղափոխությունների, գաղափարական փնտրտուքների, վերելքների ու անկումների մեջ»։
Գրքում բանաստեղծը ներկայանում է գրական ու կենսական բուռն ընթացքի մեջ, իր մեծ նախորդների ու ժամանակակիցների՝ Խաչատուր Աբովյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց հետ կապերով ու հարաբերություններով։
«Չենք խուսափել նաև հեղինակի կյանքի ու ստեղծագործության այն դրվագներից, որտեղ Եղիշե Չարենցը երևում է ավանդական-դասագրքային պատկերացումներից դուրս՝ իր փոթորկուն էությամբ ու հակասություններով», -գրում է Հայկ Համբարձումյանը։
Գրքում ընդգրկված են նաև բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հակասական, «սկանդալային» դրվագները, որոնք ամբողջացնում են մեծ մարդու, հանճարեղ բանաստեղծի կերպարը, չարենցասերին ներկայացնում Եղիշե Չարենցի ստեղծագործության բավական ընդգրկուն պատկեր։
Շնորհանդեսին գիրքը ներկայացրին՝ ընտրանու կազմող Հայկ Համբարձումյանը և բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը։
Խոսք ասացին նաև շնորհանդեսին մասնակից գրականագետներն ու չարենցասերները։