Ի՞նչ են գրում ուկրաինացի գրողները, ի՞նչ թեմաներ են հատկապես հետաքրքրում ուկրաինացի ընթերցողներին, ի՞նչ են կարդում հայերը ուկրաինական գրականությունից, ի՞նչ գրքեր կան թարգմանված: Art365-ը առանձնացրել է ուկրաինական գրականության հայերեն թարգվանված հինգ գիրք։
Լյուբկո Դերեշ. Խաղաղարարը
Ուկրաինացի երիտասարդ գրողի այս գրքում զետեղված երեք վիպակները՝ հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը:
Ուկրաիներենից թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի
Կայդաշի ընտանիքը | Իվան Նեչույ-Լեվիցկի
Իվան Նեչույ-Լեվիցկին (1838-1918) ուկրաինացի մեծ գրող է, ուկրաինական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը: «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին, այլև հնարավորություն կտա ավելի սերտ ընկալել ուկրաինացուն, նրա հոգին, բնավորությունը, սովորությունները և աշխարհայեցողությունը:
Ուկրաիներենից թարգմանությունը՝ Ռաիսա Ղարագյոզյանի
Ուրվականը, որ չէր կարողանում քնել | Նատալկա Մալետիչ
Քաղաքի ծայրամասում գտնվող լքված տանը ուրվական է ապրում։ Նա սարսափելի միայնակ է, քանի որ շրջապատում մարդիկ չկան, ում կարելի է հյուր գնալ: Անջատել մահճակալի լամպը գրքով քնածների համար, ծածկել երեխային վերմակով։ Եվ հետո, վերադառնալով տուն, ամբողջ օրը հանգիստ քնել։ Ուրվականը կորցրեց քունը, երբ նրա բոլոր հարևանները տեղափոխվեցին: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է։ Ի վերջո, ուրվականով տուն է տեղափոխվում աղջիկ երեխայի հետ մի երիտասարդ ընտանիք:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Մկրտչյանի
Պուանտներ Աննայի համար | Նադիյկա Գերբիշ
Աննան մի մեծ երազանք ունի. ամենից շատ ուզում է բալետի իսկական պարուհի դառնալ: Այն օրից, որ թատրոնի բեմում երեսուներկու կախարդական ֆուետե տեսավ, ամեն ինչ անում է, որ երազանքն իրականանա, անընդհատ կոփում է մարմինն ու բնավարությունը: Բայց մի՞թե հեշտ է պարուհի դառնալը: Բեմում բալետն ասես հեքիաթ լինի, բայց հետնաբեմում մեկ – մեկ դպրոցի ֆիզկուլտուրայի դասից էլ ձանձրալի է: Մեր ընթերցողներն Աննայի հետ միասին կիմանան՝ ինչ է ռելևեն, ռևերանսը, էքզերսիսը, պլիեն, և կբացահայտեն բալետի մյուս գաղտնիքները: Սա մի բարի ու իմաստուն պատմություն է սիրո և ընտանեկան ջերմության մասին:
Ուկրաիներենից թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի
Հեքիաթ ծեր առյուծի մասին | Մարյանա Սավկա
Հեքիաթը պատմում է կենդանիների թագավորի՝ ծեր առյուծի մասին, որը որոշել է թողնել իր հպարտ կոչումը և հաստատվել մարդկանց մեջ: Բայց ոչ սովորական քաղաքում, այլ հմայիչ Լվով քաղաքի հենց կենտրոնում, որտեղ նրան զարմանալի արկածներ են սպասվում:
Թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի