Արցախը՝ Մեծ Հայքի նահանգ
Արցախը Մեծ Հայքի տասնհինգ աշխարհներից մեկն էր: Այն ընդգրկում էր բավական մեծ տարածք. արևմուտքում հասնում էր մինչև Սևանա լիճ, արևելքում ընդգրկում է Մուղան դաշտի մեծ մասը, հարավից՝ Արաքս գետն էր, հյուսիսից` Արցախյան լեռնաշղթան էր: Արցախը հյուսիսից սահմանակից էր Ուտիք աշխարհի հետ: Արաքս գետը սահմանաբաժանն էր Փայտակարան նահանգից: Իսկ արևմուտքում սահմանակից էր Սյունիքի հետ: Երկու նահանգներն իրարից բաժանում էր Աղավնո կամ Ազարի– Հագարի գետը:
Արցախի անվանումները
Միջնադարյան պատմական աղբյուրներում տարբեր ժամանակներում Արցախը կոչվել է նաև այլ անուններով՝ Ծավդեից աշխարհ՝ նահանգի իշխանական նախարարական տան նստավայր Ծավդ–Ծոդ (այժմ՝ Զոդ) ավանի անունից, Խաչենք՝ Խաչեն բերդավանի անունից: Ղարաբաղ անունով կոչվել է պարսկալեզու և թուրքալեզու եկվորների կողմից:
Արցախի գավառները
Ըստ «Աշխարհացույցի» Արցախն ուներ 12 գավառ.
1.Մյուս Հաբանդ («Մյուս» էին կոչում Սյունիքի Հաբանդից տարբերելու համար)
Հաբանդն ընդգրկել է այժմյան Մարտունու և Հադրութի շրջանները, մասամբ՝ Ասկերանի շրջանը: Այստեղն են գտնվում Արցախի երկու նշանավոր վանքերը՝ Ամարասն ու Գտչվանքը, ինչպես նաև Գորոզ բերդը:
2. Վայկունիք
Վայկունիքը ընդգրկում էր Թարթառ գետի վերին ավազանի այն մասը, որտեղ այսօր գտնվում է Դադիվանքը, այսինքն Քելբաջարի կամ Քարավաճառի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը: Այստեղ էին Խաթրավանք, Վաղուհաս, Չափար ու այլ գյուղեր Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմտյան հատվածում։
3. Բերդաձոր
Բերդաձորը՝ նահանգի լեռնային այն մասն է, որ ընդգրկում էր այժմյան Շուշիի, Լաչինի, Կուբաթլիի շրջանները Այս անունով հետագայում կոչվել է լեռնային այն գյուղախումբը, որ եկվորների հորջորջմամբ կոչվել է «Կալա-Դարասի» ( «Բերդաձորի» բառացի թարգմանությունը):
4. Մեծ Առանք
Մեծ Առանքը տեղադրվում է Խաչենագետի վերին ավազանում՝ Կարկառ գետից մինչև Թարթառ–Տրտու և Քիրսա սարի փեշերից մինչև Մարտակերտի դաշտի արևմտյան ծայրը: Միջնադարում այս գավառը կոչվել նաև Ներքին Խաչեն։ Այստեղ են գտնվում Գանձասար ու Սուրբ Հակոբ նշանավոր վանքերը, ինչպես նաև Խոխանաբերդ իշխանական նստավայրը՝ Գանձասարի դիմաց։
5. Մեծ Կողմանք կամ Մեծ Կվենքը
Մեծ Կողմանքը կամ Մեծ Կվենքը, զբաղեցնում է Թարթառի վտակ Թրղիի և Կուրակ գետակի ավազանները: Այն համապատասխանում է այժմյան Շահումյանի շրջանին` ընդգրկելով նաև Գետաշենի ենթաշրջանը։ Այս գավառում էլ հայտնի էին Ջրաբերդը, Գյուլիստանը, Գլխո վանքը, Ուռեկավանքը: Բնակավայրերից հայտնի էին Դաստակերտը, Աղվե թագավորական ամառանոցը, Գյուտականը, Բերդակուրը:
6. Փառնես կամ Փառիսոս
Փառիսոսը կամ Փառնեսը, օտար աղբյուրներում կոչված նաև Քուստ–ի Փառնես, որ պարսկերենից թարգմանությամբ նշանակում է Փառնեսի գավառ: Այն ընդգրկում էր Ղարաբաղյան լեռնաշղթայի հյուսիսային ու արևմտյան փեշերը և հարևան էր Մեծ Կվենք գավառին։ Միջնադարում հաճախ կազմել է առանձին իշխանություն` Փառիսոս քաղաքը որպես կենտրոն ունենալով: Այն գտնվել է Շամքոր գետակի ավազանում։
7. Մուխանք
Մուխանք գավառն համապատասխանում էր այժմյան Մուղանի դաշտին:
8. Սոդք
Սոդքը, ինչպես հուշում է անունը, այժմյան Զոդն ու շրջակայքն էր ընդգրկում:
9. Հարճլանք
10. Պիանքը
11. Պարզկանք կամ Պարսկանք
12. Կողթ:
Պատմական աղբյուներում գավառների անունները հաճած այլ կերպ են հիշատակվում և որոշ գավառների դեպքում դժվար է հստակորեն նշել դրանց տեղագրությունը:
Աղբյուրը՝ Բագրատ Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994:
Լուսանկարի աղբյուրը՝
Հրայր Բազէ, Արցախ. լուսանկարչի աչքը
(Artsakh The Photographer's Eye!, Hrair Hawk Khatcherian), 2021