Սաղմոսարանը խոստովանական, խնդրական, փառաբանական աղոթքների ժողովածու է: Այն Հին կտակարանի ամենից սիրված ու տարածված գրքերից է: Ժողովածուում ընդգրկված 150 կամ 151 սաղմոսները՝ որպես օրհներգություններ կատարվել են երաժշտության ուղեկցությամբ: Ըստ ավանդության սաղմոսների հեղինակը Իսրայելի Դավիթ թագավորն է: Սաղմոսարանը հաճախ կոչվում է Գիրք Սաղմոսաց Դավթի, իսկ թագավորի անունը հիշատակվում է 73 սաղմոսներում, որոշ դեպքերում հիշատակվում են նաև նրա կյանքից իրադարձություններ: Ինչ-որ չափով կապված լինելով որոշակի պատմական անձի՝ Դավիթ թագավորի հետ, այդուհանդերձ, սաղմոսները ընդհանրական քրիստոնեկան փառաբանական աղոթքներ են, բնույթով՝ քնարական բանաստեղծություններ, որտեղ յուրաքանչյուր հավատացյալ կարող է գտնել իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները, հիվանդությունների բժշկման միջոցները, անկեղծ զրույց ծավալել Աստծո հետ: Բովանդակային առումով սաղմոսները լինում են՝ պաղատանքի, վստահության, գոհության, ուսուցողական, փառաբանական և այլն: Art365-ը առանձնացրել է կյանքի տարբեր պարագաների առիթով ընթերցվելիք և ներշնչող սաղմոսներ:
1 ԻՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ
1 Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, 2 այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին: 3 Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան: 4 Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին: 5 Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, 6 քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում:
3 ԱՌԱՒՕՏԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից 2 Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ: 3 Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»: 4 Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը: 5 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից: 6 Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է: 7 Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ: 8 Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես: 9 Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի:
4 ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
2 Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին: 3 Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտրում: 4 Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան: 5 Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք: 6 Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք: 7 Շատերն ասացին՝ «Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը»: Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ, 8 եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց: 9 Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք, 10 քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզր
5 ԱՂՕԹՔ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
2 Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, 3 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: 4 Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կը լինեմ քո առջեւ կանգնելու: 5 Դու անօրէնութիւն կամեցող Աստուած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում: 6 Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ: 7 Դու ատեցիր անօրէնութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր: 8 Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կը մտնեմ տունդ, եւ քե՛զ վայել ակնածանքով կ՚երկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ: 9 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո, 10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ, եւ նրանց սրտերն ունայնացած են: 11 Գերեզմանի պէս բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգութեամբ: Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտութեան համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ: 12 Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, 13 քանզի դու պիտի օրհնես արդարին. Տէ՛ր, քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ:
8 ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԻՔԸ
2 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում: Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր: 3 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն: 4 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր: 5 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան: 6 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան: 7 Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ: 8 Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ, 9 նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում: 10 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում:
17 ԴԱՒԹԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ
2 Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ: 3 Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը: 4 Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ՚ազատուեմ: 5 Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց: 6 Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան: 7 Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու: 8 Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած: 9 Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքուեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից: 10 Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր: 11 Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով: 12 Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով: 13 Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին: 14 Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով: 15 Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք: 16 Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի: 17 Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից: 18 Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես: 19 Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց 20 ու անդորրութիւն պարգեւեց: Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց: 21 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ: 22 Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի: 23 Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից: 24 Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից: 25 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է: 26 Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ: 27 Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորուածներին կը կործանես: 28 Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում: 29 Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում: 30 Քեզնով կը փրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ: 31 Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ. 32 քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած, կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի: 33 Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր...:
22 ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է
2 Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի: 3 Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց: 4 Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով: 5 Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն: 6 Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց: Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս: 7 Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ:
Աղբյուրը՝ Դավթի սաղմոսների գիրք, www.ter-hambardzum.net