Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի փողոցը, եկեղեցին ու պահապան սուրբը
Նեապոլի Սան Գրիգորիո Արմենո փողոցի վրա է գտնվում համանուն եկեղեցին, որը նվիրված է Սուրբ Գրիգոր հային, այսինքն՝ Հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է Նեապոլի պահապան երկու սրբերից մեկը։
Ըստ ավանդության եղեցական համալիրի ամենահին եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում, երբ հայ միանձնուհիները փախչելով Կոստանդնուպոլսից իրենց հետ տանում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք էլ դառնում են հանրահայտ այս համալիրի հիմքը։ Համալիրի ամենահին ու կարևոր հավածներից է Սան Գրեգորիո Արմենո մատուռը՝ բարոկկո ոճով։
Մատուռի ընդհանուր տեսքը
Գրիգոր Լուսավորիչը նետվում է Խոր Վիրապ, մատուռի պատերի նկարներից դրվագ, Ֆրանչեսկո Ֆրանկանզանո, 1635
Ըստ ավանդության մատուռի Սուրբ Սեղանի վերևում է գտնվում մասունքատուփը, որտեղ պահվում է Սուրբ Գրիգոր լուսավորչի գանգը։ Արծաթե մասունքատուփը ստեղծվել է 1788 թվականին վանքի մայրապետ Աննա Մարիա Ռուֆոյի պատվերով:
Մասունքների ճանապարհը
Հայտնի է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 325 թ․ թողնելով Վաղարշապատը, հեռանում է ճգնելու Սեպուհ լեռան Մանյա անունը կրող քարայրում։ Այստեղ էլ հայոց հայրապետը կնքում է իր մահկանացուն։ Որոշ ժամանակ անց հովիվները մտնելով Մանյա այրք, այսինքն՝ Մանյայի քարայրներ գտնում են Սրբի մարմինը, սակայն չիմանալով, թե ով նա, որպես սովորական պարզ ճգնավորի ամփոփում են այն քարակույտի տակ։
Տարիներ անց Գառնիկ Բասենցի ճգնավորը աստվածային տեսիլքով իմանում է Հայրապետի թաղման վայրը։ Նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները տեղափոխում է Դարանաղյաց գավառի Թորդան ավան ու հողին հանձնում։ Հետագայում այստեղ վկայարան է կառուցվում: Սուրբ Գրիգորի նշխարները գտնելու առթիվ սահմանվել է «Գյուտ նշխարաց» տոնը:
Հետագայում նշխարների մի մասը տարվում է Վաղարշապատ։ Որոշ մասունքներ հասնում են Իտալիա: 5-րդ դարում Զենոն կայսրը Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները տանոււմ է Կ.Պոլիս, որտեղից սակայն 7-րդ դարում Գրիգոր Պատրիկը դրանք բերում է Հայաստան: Հայրապետի նշխարների մի մասը դրվում է Զվարթնոցում՝ Սուրբ Գրիգորին նվիրված եկեղեցու հիմքում իսկ մնացածը պահվում այլ եկեղեցիներում։ Հետագայում հայ միանձնուհիները հենց Զվարթնոցի տաճարից այդ մասունքները տեղափոխում են Կ․ Պոլիս, ապա Նեապոլ։
Մասունքների վերադարձը
2000 թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Վատիկան կատարած այցից հետո, Սուրբ Գրգոր Լուսավորչի որոշ մասունքներ տեղափոխվում են Մայր Աթոռ, ապա հանգրվանում Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավիթում: