Անահիտ Տերյանը
Վահան Տերյանի Օրենբուրգ ուղևորության ու վախճանի մասին տարբեր վկայություններ են պահպանվել։ Բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Տերյանը ներկայացնում է իր մոր՝ Անահիտ Տերյան-Եղիազարյանի (Շահիջանյան)(1899–1950) հետ հանդիպման ու վերջին ուղևորության պատմությունը։
Անահիտը ծնվել է 1899 Դաղստանի Դերբենդ քաղաքում։ Սովորել է Մոսկվայում՝ Կանանց բարձրագույն դասընթացների բնագիտական բաժնում։ Հեղափոխությունից հետո՝ աշխատանքի է անցնում Հայկական գործերի կոմիսարիատում` որպես գրական-հրատարակչական բաժնի քարտուղար։ Այստեղ էլ ծանոթանում է Վահան Տերյանի հետ: Նրանց համատեղ կյանքի հետագա ընթացքի մասին պահպանվել է բանաստեղծի դստերն ուղղված Անահիտի երրորդ ամուսնու՝ Ալֆրեդ Եղիազարյանի նամակը․
«1918 թ․ Տերյանը՝ որպես Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի (ՀԿԳԿ) անդամ, սենյակ էր ստացել «Մետրոպոլ» հյուրանոցում, որը կոչվում էր Խորհուրդների երկրորդ տուն։ Այնտեղ գոյություն ուներ որոշակի սպասարկում, մասնավորապես սենյակները մաքրվում էին, փոխվում էր սպիտակեղենը, և կար տաք ջուր։ Սակայն ամենակարևորն այն էր, որ հյուրանոցը ջեռուցվում էր: Այն ժամանակներում դա բացառիկ երևույթ էր ցրտալլուկ Մոսկվայում։ Վահանը չէր սիրում արտոնություններ և այդ պատճառով երկար ժամանակ ամաչելով՝ չէր օգտվում Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի անդամի իր մթերաբաժնից։ Բայց պարենային իրավիճակը գնալով վատանում էր, իսկ սև շուկան անմատչելի էր դարձել Անահիտը սեփական նախաձեռնությամբ և Տերյանի ընկերների խորհրդով դիմում է ՀԿԳԿ քարտուղարին, կարծեմ՝ Ենուկիձեին, և վերջինիս հրահանգով սկսում է Կրեմլից ստանալ մթերաբաժինը։ Սկզբնական շրջանում դա էական չափաբաժին էր, սակայն ամսեամիս այն սկսեց սակավանալ։ Մոտենում էր 1919 թվականի ձմեռը: Ռուսաստանի հարավը Դենիկինի ձեռքում էր: Մոսկվան կտրված էր հացից և վառելիքից: Ծանր և դաժան ձմեռ էր սպասվում։ Տերյանի առողջությունը վատանում էր և առաջացնում էր ընկերների և մտերիմների մտահոգությունը։ Չեմ հիշում` ում կողմից որոշվեց Տերյանին բուժման ուղարկել Շվեյցարիա։
Տերյանի բուժման կազմակերպումը
Բժիշկ Զավրիևը, ով Տերյանի ընկերներից էր և նրա երկրպագուն, առաջարկեց Վահան Սուքիասովիչին դուրս բերել Ֆինլանդիայով Շվեյցարիա։ Զավրիևն այդ ժամանակ դաշնակցական Հայաստանի դեսպանն էր, ուներ որոշ կապեր և տիրապետում էր ապօրինի ուղիների։ Սակայն ոմանց դա կասկածելի և վտանգավոր թվաց: Վախենում էին դաշնակցականների սադրանքներից։ Արդյունքում որոշվեց Տերյանին ուղարկել Թուրքեստանի և Իրանի տարածքով։ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինի տեղակալ Կարախանը, ով Տերյանի մտերիմ ընկերն էր, ակտիվորեն սկսեց աջակցել այդ ուղևորությանը։ Տերյանին Պարսկաստանի հայ քաղաքացու անձնագիր տրվեց, ով իբր կնոջ հետ վերադառնում էր Պարսկաստան։ Չեմ հիշում, թե ում անունով էր այդ անձնագիրը։ Անահիտը հիշում էր այդ անունը։ Մեծ թվով ոսկե դրամներ և ոսկե իրեր էին տրամադրվել։ Չեմ հիշում, թե ինչ փաստաթղթեր էին տրվել Տերյանին, եթե չեմ սխալվում Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի և Հեղափոխական ռազմական խորհրդի մանդատներ, որոնք պահանջում էին Արևելյան և Թուրքեստանի տեղական ու ռազմական իշխանություններից համակողմանի աջակցել Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Տերյանին, ով մեկնում էր կնոջ հետ գործուղման։ Բացի դրանից` տրվել էր մեկ այլ փաստաթուղթ ևս, որը կոնսպիրացիայի նպատակով մետաքսից ատլասե կտորի վրա էր տպված: Նրա բովանդակությունը բառացի չեմ հիշում։ Փաստաթղթում ասվում էր, որ այն ներկայացնողն ունի լիազորություններ, որոնց իրականացման համար օգնություն է անհրաժեշտ։ Այն թղթի կես թերթի չափ էր և պետք է կարվեր հագուստի աստառի տակ։ Փաստաթուղթը կարմիր թանաքով կնքված և հաստատված էր Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կնիքով և Կարախանի ստորագրությամբ։Այն ես բազմիցս տեսել եմ Անահիտի թղթապանակում` Տերյանի այլ փաստաթղթերի և գրքերի հետ մեկտեղ։
Գաղտնի առաջադրա՞նք, գործուղո՞ւմ, թե բուժում
Արդյո՞ք Վահան Տերյանը գաղտնի առաջադրանք ուներ, Անահիտն այդ մասին չէր խոսում կամ միգուցե նաև չգիտեր։ Սակայն նա միշտ պնդում էր, որ իրենք պետք է հասնեին Իրան, այնուհետև՝ Շվեյցարիա։ Տերյանը կատարելապես գիտեր պարսկերեն: Ես հիմա չեմ նկարագրի Վահան Սուքիասովիչի և Անահիտի՝ Մոսկվայից Սամարա, այնուհետև՝ Օրենբուրգ ճանապարհորդությունը։ Այդ մասին ես շատ քիչ գիտեմ և հավանաբար, ոչ մի նոր բան չեմ ավելացնի արդեն հայտնի փաստերին: Միայն գիտեմ, որ Մոսկվա վերադառնալուց և Ենուկիձեի աջակցությամբ «Մետրոպոլում» սենյակ ստանալուց հետո Անահիտն անմիջապես վերադարձրեց Կարախանին ոսկյա բոլոր դրամներն ու իրերը: Անահիտի հղիության վերջին օրերին` քո ծնվելուց մի քանի օր առաջ, նրան այցելել էին Տերյանի ընկերները և պահանջել բանաստեղծի ձեռագրերը։ Անահիտը մեծ վրդովմունքով էր հիշում նրանց և հատկապես այն մարդու վարքը, ով հետագայում դարձավ Տերյանի ժառանգության «պահպանողը»: Նրանք կոպտել են Անահիտին, սպառնացել են պատիժներով, վախեցրել ձերբակալությամբ և ստիպել են իրենց հանձնել մինչև վերջին ձեռագիրը: Ավելի ուշ Պողոս Մակինցյանը վերադարձրել էր մոտ տասնյակ մեքենագիր էջ՝ Տերյանի գրածը ուղղած։ Բոլոր ձեռագրերը մնացին Մակինցյանի մոտ»:
Տերյանի ուղևորությունը Օրենբուրգ
Բուն ուղևորության մասին պահպանվել են Անահիտ Տերյանի օրագրային գրառումները․
«Հոկտեմբերի 25-ին դուրս եկանք։ Մինչև Սամարա ճանապարհը բավականին հաջող էր։ Առանձին կուպե` միջազգային վագոնում։ Նա թեթևության զգացում ուներ և ասում էր, որ հիմա, երբ արդեն դուրս պրծավ, կսկսի ու կկարողանա շատ աշխատել։ Նա նույնիսկ հանեց Վեռլենը, որ թարգմանի: 27-ի երեկոյան մենք արդեն Սամարայում էինք։ Կանգ առանք հյուրանոցում (Բորիս Գալունով)։ Կանգառ ստիպված էինք անել այն պատճառով, քանի որ գնացքները մինչև Սամարա էին հասնում, իսկ դեպի Տաշքենդ ուղիղ կապ չկար։ Հարկավոր էր Սամարայում կամ առանձին տաքացվող վագոն գտնել, կամ միանալ ինչ-որ մեկին: Դաս ունեցող վագոններ համարյա թե չէին գնում Թուրքեստան, և մենք սպասում էինք։ Առաջին օրերին նա իրեն վատ չէր զգում։ Ամսի 31-ին եղավ Ֆրունզեի մոտ։ Գնացել էր նահանգային գործադիր կոմիտեի նիստին, վերադարձավ ուշ երեկոյան և արդեն ջերմություն ուներ։ Խոնավ էր, սառնամանիքը դեռ չէր սկսվել: Հաջորդ օրվանից նա անկողին ընկավ։ Հյուրանոցում ցուրտ էր, ջեռուցում չկար, լուսամուտի ապակին կոտրված էր և ծածկված չէր: Նոյեմբերի 8-ին բժիշկ կանչեցի (բժ. Իսահակյանց): Նա զննեց կոկորդը և ասաց, որ վտանգն այնքան էլ մեծ չէ, և 3 օրից կարելի է շարունակել ճանապարհը դեպի Տաշքենդ։ Մոսկվա վերադառնալու իմ առաջարկներին նա պատասխանում էր, որ «գումար է ծախսվել, ոչինչ արված չէ, և անհնարին է կեսճանապարհից հետ վերադառնալ»: Մենք ևս 10 օր մնացինք Սամարայում։ Ամսի 10-ին մեկնեցինք ռազմասանիտարական գնացքով։ Կանգառներից մեկի ժամանակ սարսափելի միջադեպ տեղի ունեցավ N 4 գնացքի հրամանատարի հետ, և Վահանը ողջ գիշեր ջերմում էր։ Գնացքը պետք է շարժվեր 18–ին, սակայն շարժվեց 1919 թ. նոյեմբերի 22-ին։ Ահա այդտեղ էլ սկսվեցին իսկական տանջանքները։ Ռազմասանիտարական գնացքում հիվանդներ չկային, և այդ պատճառով այն ամբողջությամբ չէր ջեռուցվում, միայն 2 վագոնները՝ մերը և անձնակազմինը։ Մեր վագոնում մեքենավարներն էին և հնոցապանները։ Ցերեկը վագոնը տաքացնում էին մինչև 22°, իսկ գիշերը խորը քնում էին, և ջերմաստիճանն իջնում էր մինչև 8-6°: Վահանի առողջությունը գնալով խաթարվում էր: Մենք 3-4 օրով կանգ էինք առնում Սամարայի և Օրենբուրգի միջև ընկած փոքր կայարաններում։ Ստիպված էի լինում թափառել գյուղերով` սնունդ հայթայթելու համար։ Ոչինչ չէր ուտում, ստամոքսի ցավեր ուներ։ Դա աղիքային տուբերկուլյոզի սկիզբն էր։ 3 շաբաթ գնում էինք Օրենբուրգ։ Դեկտեմբերի 13–ին հասանք Օրենբուրգ-1 (9 վերստ), սպասելով մինչև ամսի 18-ը մեր գնացքի շարժվելուն՝ ի վերջո որոշեցինք այլ շարժակազմ նստել՝ Տաշքենդ հասնելու համար։ Բայց 19-ի առավոտյան ես գնացի Օրենբուրգ, որպեսզի կարողանամ այլ գնացք նստելու ճար գտնել, ամեն ինչ ստացվեց, և հաջորդ օրը պետք է շարժվեինք, սակայն երբ երեկոյան ես վերադարձա Օրենբուրգից, Վահանին գտա 40,8 ° ջերմությամբ, նա արդեն ինձ նամակ էր գրում՝ մտածելով, որ կմեռնի՝ առանց ինձ տեսնելու։ Այդ ժամանակ ես հասկացա, որ չի կարելի շարունակել ճանապարհը և առաջարկեցի Վահանին այլ գնացք նստելու փոխարեն գնալ Օրենբուրգ՝ իմ ծանոթների՝ Օհանյանների մոտ։ Նա, այդ օրն առանց ինձ մենակ մնալով, այնքան տանջված և ուժասպառ էր, որ ասաց. «Ինչ ուզում ես, արա, միայն թե փրկիր ինձ մահից»: Եվ այս արտահայտությունը նա հետագայում մի քանի անգամ էլ ասաց` մահվանից առաջ` կամֆորայի ներարկումից 2 ժամ առաջ։
Սահնակով անցանք 9 վերստ, մինչև հասանք Օրենբուրգ. երբ տեղ հասանք, նա գրեթե անգիտակից էր, սակայն ընտանեկան ջերմ մթնոլորտը, տաք պայմանները, ընտանիքը կենդանացրին նրան։ Նա գիտակցության եկավ, և երեկոյան բոլորով թեյի սեղանի շուրջ նստած` հանգիստ ու ջերմ զրուցում էինք։ Հաջորդ օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում։ Սենյակում դաշնամուր կար, և նա ողջ օրը ստիպեց ինձ նվագել։ Երեկոյան ես ստիպված էի գնալ Օրենբուրգ` այնտեղ մնացած մեր իրերի հետևից։ Այնտեղից ուշ վերադարձա և Վահանին գտա ծանր հիվանդ վիճակում։
Բանաստեղծի մահը
21-ի երեկոյան նա պառկեց և այլևս ոտքի չկանգնեց: Մի ողջ շաբաթ ես բժիշկ էի փնտրում. բծավոր տիֆի համաճարակ էր, բոլոր բժիշկները մոբիլիզացված էին և տնային այցելություններ չէին կատարում` հիվանդներին ընդունելով կամ տանը կամ հիվանդանոցում։ 28-ին բժիշկ եկավ և խոստացավ կրկին այցելել, սակայն այդպես էլ չեկավ ոչինչ չասաց, մի քանի անօգուտ դեղեր նշանակեց և գնաց:
Դեկտեմբերի 30-ից նրան օրընդմեջ կանոնավոր սկսես այցելել մեկ այլ բժիշկ։Վահանի ջերմությունը ցածր էր՝ 35,6°։ Ոչինչ չէր կարողանում ուտել, քանի որ ստամոքսում պրոցես էր ընթանում: Նույնիսկ անկողնում նա չէ կարողանում շարժվել։ Նրա մարմինը սկսեց սառչել հունվարի 4-ից։ Նա բողոքում էր, որ ներսն այրվում է, իսկ վերջույթները սառն են։ Խնդրում էր, որ Մոսկվա գնանք՝ ասելով, որ փրկությունն այնտեղ է: Դեղորայք ընդհանրապես հնարավոր չէր գտնել։ Ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել ոչ կրեոզոտ, ոչ էլ թթվածնային բարձիկ։ Եվ չնայած նրան հնարավոր չէր փրկել, դա նրան հուսահատեցնում էր, և նա ասում էր. «Տեսնում ես, ես մեռնում եմ նրանից, որ դու չես կարողանում կրեոզոտ ճարել»։ Վահանի համառության շնորհիվ ինձ հաջողվեց բանակի շտաբի միջոցով վագոն գտնել, և մենք պետք է 7-ին մեկնեինք։ Նա ինձ ուղարկում էր մեկնումը կազմակերպելու, իսկ ինքը, վախենալով, որ կմեռնի, խնդրում էր, որ կես–մեկ ժամից ավելի չբացակայեմ։ Հունվարի 6-ին առողջապահության բաժանմունքի միջոցով 3 բժիշկների կոնսիլիում գումարվեց: Նրանք ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ, և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին։ 7-ի գիշերը նա չքնեց, մի քանի անգամ խնդրեց հագցնել իրեն և նստեցնել բազկաթո ռին։ Սակայն նույնիսկ 5 րոպե չէր կարողանում նստել: Ձեռքերը և ոտքերը թմրել էին, և խնդրում էր, որ շփեմ դրանք, իսկ ինքը հանգիստ էր։ Հարցնում էր, թե ինչ եմ արդյոք կարծում` ում համար է ավելի դժվար` ով մեռնում է, թե հարազատների, որ մնում են։ Նրա մարմինն ամբողջովին անկենդան էր դարձել, ոչինչ չէր կարողանում ուտել, դժվարանում էր խոսել, չէր կարողանում նույնիսկ 5 րոպե քնել։ Նրան տանջում էր զկրտոցը, միայն կարողանում էր ասել, որ որքան հնարավոր է շուտ հասնենք Մոսկվա: Առավոտյան ես գնացի կազմակերպելու մեր մեկնումը: Երբ վերադարձա, խնդրեց, որ բժիշկ կանչեմ: Ողջ քաղաքը շրջեցի, սակայն այդպես էլ ոչ մի բժիշկ չգտա. Սուրբ ծնունդ էր, և ոչ ոք չէր գալիս։ Այդ ժամանակ նա խնդրեց իրեն կամֆորա ներարկել: Գնացի ռազմասանիտարական այն գնացքի՝ հիվանդապահի հետևից, որով մենք Սամարայից Օրենբուրգ էինք եկել (այն դեռ կանգնած էր 9 վերստ հեռու` Օրենբուրգ–1–ում)։ Երբ մենք 1 ժամից վերադարձանք, Վահանի զարկերակն այլևս չէր խփում, սակայն նա ճանաչեց հիվանդապահին և շատ ուրախացավ: Երբ ներարկում կատարեցինք, նա խոսում էր և հարցնում. «Հնարավոր է անընդհատ ներարկումներ անել և այդ կերպ կյանքը շաբաթով երկարաձգել»։ Կամֆորայի ներարկումից հետո դեռ 2 ժամ նրա գիտակցությունը տեղն էր։ Դրանից հետո սկսեց կորցնել գիտակցությունը: Երբ կատարեցի նրա խնդրանքը, նա սկսեց անձայն մահանալ։ Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահն է...»։
Պոետի մահից հետո Անահիտը մեծ դժվարությամբ հասնում է Մոսկվա։ Տերյանագետ, թարգմանիչ Նվարդ Տերյանը ծնվում է 1920 թ, ապրիլի 28-ին։ Սովորել և ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը, ապա տեղափոխվել Երևան և ամուսնացել բանաստեղծ Գևորգ Էմինի հետ։ Զբաղվել է Վահան Տերյանի գրական ժառանգության ուսումնասիրությամբ։
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Տերյանի, Երևան, Զանգակ, 2023:
Գ. Էմին–Տերյան, Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր, Երևան, 2015: