Ա․Բ․
...Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...
X. 1936, գիշեր, Երևան
Եղիշե Չարենցի վերջին բանաստեղծություններից մեկը նվիրված է հայ մեծ արձակագիր, բանաստեղծի մտերիմ ընկեր Ակսել Բակունցին։ Բանաստեղծությունն արձագանքն է 1935-36 թթ․ Չարենցի, Բակունցի ու նրանց համակիրների՝ «Նոյեմբեր» միավորման դեմ սկսված հալածանքների, նաև Բակունցի՝ իրենց խմբակի գործունեության մասին ցուցմունքի։ Այդ ցուցմունքը 1936 թ․ հոկտեմբերի 2-ին ներկայացնում է ՀԿ(բ) Կ քարտուղար Ամատունի Ամատունին։ Բակունցն իբրև թե ասել է․
«Մեր խմբակի գործունեությունն, ամբողջովին վերցրած, ուղղված է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ազգային քաղաքականության դեմ և, ի հակակշիռ կուսակցության՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրա» լոզունգին, մենք պաշտպանում էինք «ազգային հատկանիշների խտացման» թեզը, քաղաքականապես այդ նշանակում էր «ձևով ազգային, բովանդակությամբ նացիոնալիստական կուլտուրա»»։
Այս ցուցմունքն էլ դառնում է բանաստեղծի նկատմամբ հետագա մեղադրանքների պատճառ։ Ե․Չարենցը ցավով անդրադառնում է դրան, սակայն ներում սիրելի բարեկամին։
Բանաստեղծության մեջ հիշատակվող, Չարենցի կնոջը՝ Արփենիկին նվիրված «Ալպիական մանուշակը» պատմվածքը լույս է տեսել 1927 թ․ հունվարի 1-ին «Խորհրդային Հայաստան» թերթում։ Այդ օրը հիվանդանոցում վախճանվում է Արփենիկ Չարենցը, և հետագայում այս պատմվածքը Բակունցը նվիրում է Արփենիկի հիշատակին։ Նույն թվականին լույս է տեսնում նաև արձակագրի «Մթնաձոր» ժողովածուն, և Չարենցն այս առիթով գրում է «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» բանաստեղծությունը․
Քո Մթնաձորում թախիծն է ծորում
Ու կարոտ՝ մանկութ հարազատ ձորի,—
Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում
Քո պայծառ ուղին անդարձ չկորի:—
Չարենցն ու Բակունցը ծանոթացել են ենթադրաբար 1925 թվականին։ Մինչ այդ արձակագիրն արդեն հիացած էր Չարենցի պոեզիայով։ Ժամանակակիցների վկայությամբ, բանաստեղծը մամուլից ծանոթ էր Բակունցի պատմվածքներին ու բարձր էր գնահատում դրանք։ Ա․Բակունցը Երևանում էր հաստատվել 1926 թ․ և սկսվել էր մտերմությունը Չարենցի հետ։
«Ամենայն օր, դուրս գալով Նալբանդյան նրբանցքից, ես պիտի անցնեի նրա տան մոտով, դուրս գար նա՝ մի ծխախոտ վառելով, պիտի գնայինք Չարենցի մոտ․ Չարենցը պիտի հարցներ, - Ի՞նչ կա-չկա, տղերք ջան, -հետո պետք է գար Արմենն իր ամեհի բասով և սկսվեր 4-ի զրույցը․․․Ի՞նչի մասին էինք խոսում մենք․ Բենվենիտո Չելինի և ողբերգական Կոմիտասի՞ մասին, ժամանակակից գրական անառողջ երևույթների՝ «գրական փղշտացիների՞», թե՞ Աբովյանի, Սիամանթոյի ու Սայաթ-Նովայի մասին, Երևանի ապագայի կամ գուցե Եսենինի ու Զվարթնոցի՞ մասին․․․Խոսակցության տոն տվողը Չարենցն էր, որը սակայն իր ոչ մի դրույթը վերջնական ու վավերական չէր համարում, մինչև չստանար Բակունցի հավանությունը», -հիշում է Գուրգեն Մահարին։
Փոխադարձ սերն ու մտերմությունը, գեղագիտական հայացքների ընդհանրությունները, երևան են գալիս բանաստեղծի ու արձակագրի տարբեր ստեղծագործություններում, ապա 1930-ական թվականներին վերաճում գրական համագործակցության։ Չարենցն ու Բակունցը համատեղ կազմում են «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը(1932 թ․), «Նոյեմբեր» հանդեսի առաջին համարը(1932 թ․), «Հայ գրականության քրեստոմատիան»(1933 թ․)։ Չարենցը Պետհրատում աշխատանքի շրջանում թարգմանություններ, խմբագրական ու գրքերի կազմման աշխատանքներ է հանձնարարում Բակունցին։
Այս շրջանում է գրականության «ազգային ձևի ու սոցիալիստական» բովանդակության շուրջ բանավեճերի թոհուբոհում սկսվում են մեղադրանքներն ու հալածանքները Չարենցի, Բակունցի ու նրանց գրական համակիրների նկատմամբ։ Հատկապես սուր քննադատության են արժանանում Բակունցի պատմվածքները, որակվում «նացիոնալիստական»։ Չարենցն ու համախոհները տարբեր ելույթներում հոդվածներում պաշտպանում են Բակունցին։ Սակայն այդ խառնակ օրերի մեջ լինում են նաև տարաձայնություններ «Նոյեմբեր» միության ներսում։ Իսկ Բակունցից բռնությամբ կորզված մեղադրական ցուցմունքն, իհարկե, շատ վշտացնում է Եղիշե Չարենցին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Չարենցի, Երևան, 2022