Ֆուտբոլն իր դիտարժանությամբ, կրքերով, խաղի ընթացքի ու սյուժեի հետաքրքիր ու հաճախ անակնկալ զարգացումներով, հանգիստ չի տալիս միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում և նրանց թվում նաև շատ գրողների։ Գրականության ու ֆուտբոլի հարաբերությունը չի սահամանափակվում միայն հայտնի ֆուտբոլիստների կամ մարզիչների ինքնակենսագրական գրքերով(կարդալ ավելին այստեղ)․ հայ ու համաշխարհային գրականության հայտնի հեղինակներից շատերը նաև ֆուտբոլի մոլի երկրպագուներ են և իրենց ստեղծագործություններում անդրադառնում են այս մարզաձևին։ Ներկայացնում ենք հայ ժամանակակից գրականության մեջ ֆուտբոլային անդրադարձների հնգյակը.
Արմեն Շեկոյանի ֆուտբոլային ժամանակը
Առանց չափազանցության կարելի է ասել, որ բանաստեղծ ու արձակագիր Արմեն Շեկոյանը ոչ միայն ամենաֆուտբոլասեր հայ գրողն է, այլև ֆուտբոլի մասին ամենից շատ գրածը: Իր բանաստեղծություններում և «Հայկական ժամանակ» անավարտ վեպում, Արմեն Շեկոյանը բազմիցս անդրադառնում է ֆուտբոլին։ Ընդ որում, այդ անդրադարձները չեն սահմանափակում պարզ հիշատակություններով, այլ կոնցեպտուալ բնույթ ունեն: Խաղը, ընդհանրապես, և հատկապես ֆուտբոլը, Ա. Շեկոյանի համար կյանքի փոխաբերությունն է, կամ նույնիսկ կրկնօրինակը: Կյանքից՝ ֆուտբոլ և ֆուտբոլից՝ կյանք այս անցումները Ա. Շեկոյանի ստեղծագործություններում ներկայացվում են շատ նուրբ, հումորով ու նաև փիլիսոփայական ընդհանրացումներով: Բանաստեղծություններում Արմեն Շեկոյանը հմտորին, ֆուտբոլին բնորոշ հնարքներով, խաղարկում է հայ դասական գրականության հայտնի տողերը, դրանք դարձնելով ֆուտբոլային․
Գարինչային չեմ տեսել
ու ոչ մի բան չեմ հիշում,
բայց թողել է նա մի գոլ
մորս աչքի մշուշում․․․
Ա․Շեկոյանը բրազիլական ֆուտբոլի մոլի երկրպագու է: «Հայկական ժամանակ» վեպում հեղինակը բազմիցս անդրադառնում է ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, անցյալի ու ներկայի հայտնի ֆուտբոլիստներին, հայկական ֆուտբոլին և իր ոչ ֆուտբոլային ճակատագրին.
«Ի՞նչ երկարացնեմ. ես էլ տատիս, հորս, հորեղբորս ու հորաքրոջս պես ամեն ինչ ուշադիր զննող ու տեսնող եմ՝ հատկապես ֆուտբոլի իմաստով: Ես, օրինակ, հարյուրերորդ անգամ կարող եմ նորից ու նորից վերանայել բրազիլական ֆուտբոլի տեսաերիզներն ու ամեն անգամ մի նոր դրվագ հայտնաբերել եւ, հայտնաբերելով, վերստին երջանկանալ ու փառավորվել: Վաթսունականների վերջերին, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ ես երբեւէ ֆուտբոլային աստղ չեմ դառնա, իմ ֆուտբոլային կրքերը ոչ միայն չմարեցին, այլեւ, ընդհակառակը, ավելի ահագնացան, որովհետեւ, ինչպես ասում են, արգելված պտուղը քաղցր է լինում, իսկ ֆուտբոլն էն գլխից ինձ համար ոչ միայն արգելված պտուղ, այլեւ արգելված միրգ ու արգելված ամեն ինչ էր, եւ երբ վաթսուներեքին պատահականության բերումով ֆուտբոլիստ Չալիկյանը հայտնվեց Մետաքսի մեր հատվածում, մենք էդ պահին Գեղամենց դքի վրա ֆուտբոլ էինք խաղում, ու Չալիկյանը կողքանց մի տասնհինգ րոպեի չափ մեր խաղը զննելով՝ ինձ ու իմ հասակակից երկու ուրիշների պաշտոնապես հրավիրեց ֆուտբոլի դպրոցի իր խմբում պարապելու, բայց մայրս կտրականապես մերժեց, եւ հայրս, որ շատ էլ համաձայն էր ֆուտբոլ պարապելուս, առանձնապես իր կարծիքը չպնդեց, ու ես առայսօր այն կարծիքին եմ, որ Հայաստանի ֆուտբոլը համաշխարհային դափնիների չի արժանանում միայն ու միայն այն պատճառով, որ մեզանում, ի տարբերություն հայրերի, ոչ մի ծնող մայր իր որդու ֆուտբոլիստ դառնալը ոչ միայն չի երազում, այլեւ չի էլ ենթադրում, եւ մեզանում ֆուտբոլիստ դառնում են հիմնականում նրանք, ովքեր բացարձակապես ազատ են մայրական խնամքից ու հոգատարությունից, ու նաեւ նրանք, ում ընտանիքներում ծայրեծայր հայրիշխանություն է» (կարդալ ավելին այստեղ):
Հովիվյանը, հին Երևանն ու Խանջյանը
Հայկական ֆուտբոլի պատմության գլխավոր հաջողություններն իհարկե մարմնավորում է «Արարատը»: Ե՛վ Արմեն Շեկոյանի և՛ հայ այլ գրողների գործերում շատ են անդրադարձներն այդ ակումբին, 1973 թվականի պատմական հաղթանակին ու տարբեր տարիների ֆուտբոլիստներին: Հայ ժամանակակից մեկ այլ արձակագրի՝ Գուրգեն Խանջյանին, թեև ֆուտբոլի մեծ երկրպագու չես համարի, սակայն նրա «Տուր ձեռքդ, պստլո» վեպում մի գեղեցիկ հատված կա նվիրված «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանին(1938-2019): Ս. Հովիվյանը հայտնի էր իր բարձրակարգ տեխնիկայով և հատկապես անկյունայինից խփած գոլով: Նա «Արարատի» կազմում 140 խաղ է անցկացրել, խփելով 29 գնդակ
««Անի» հյուրանոցի ետնապատին նայող հինգ հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի ինը համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը Սաքոն պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ։ «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից Արարատում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կմտցնի»։ Ու Գնունիով՝ Հանրապետական ստադիոն, իսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են՝ Սա-քո՛, Սա-քո՛… Սարի թաղի լանջին գնացքն է հայտնվում, սարը կիսելով՝ հակառակորդի դարպասի կողմն է ընթանում, ուրեմն՝ հաղթելու ենք, հավաստի նշան է։ Ջո՛ւր, սառը ջո՛ւր՝ կանչում է շարքով անցնող մանչուկը՝ ջրով էմալապատ թեյնիկն ու ալյումինե «կրուժկեն» ձեռքին, հինգ կոպեկ տուր՝ խմիր, զովացրու ներսդ։ Բայց ջրի ժամանակը չէ, անկյունային է, Սաքոն է խփելու, գնդակը բծախնդրորեն տեղադրում՝ ընկրկում է, գլուխը բարձրացնում՝ նայում հակառակորդի տուգանայինին, իրավիճակը գնահատում, վերջապես խոյանում՝ հարվածում է, վետվետող գնդակը բարձր կորագծով հեռանում է դարպասից, սակայն հանկարծ կտրուկ փոխում է ուղղությունն ու մխրճվում հեռավոր վերի անկյունը՝ Սա-քո՛, Սա-քո՛… Այս նույն մարզադաշտում, երբ Սարգիս Հովիվյանը դեռ պատանի էր, չէր խաղում, Արարատն էլ Արարատ չէր, Սպարտակ էր, հայրը մեծ ծաղկեփունջը տվեց գիրկը, ճաղերի վրայով իջեցրեց խաղադաշտ, ասաց՝ վազի տուր ում կուզես, Գրիգորը վազեց անվերջանալի թվացող ճերմակ գծով, հասավ կենտրոնական շրջանին, շփոթված կանգ առավ. բոլորը բարձրում են, ինքը ներքևից նայում է տարակուսած՝ Վալտեր Անտոնյանը, Ժակ Սուփրիկյանը, Հարություն Քեհեյանը… Մանուկ Սեմերջյանն ո՞ւր է… Գտավ, պարզեց ծաղկեփունջը, նա էլ ժպտում՝ վերցնում է, հետո Գրիգին գրկում, հաղթ ձեռքերով վեր է հանում, հիմա ինքը ամենավերում է, մարզադաշտը ծայրից ծայր երևում է ցածում, երջանիկ է, գնա Թիֆլիս՝ պատմի՝ չեն հավատա…»:
Ֆուտբոլը՝ երազանք
Նոր սերնդի արձակագիրներից շատերը ֆուտբոլի երկրպագուներ են: Ֆուտբոլը նրանց ստեղծագործությունների հերոսների համար ավելի հաճախ սոցիալական ծանր պայմաններից դուրս գալու, մեծ աշխարհի հետ առնչության միջոց է: Արձակագիր Համբարձում Համբարձումյանի պատմվածքներում, հատկապես «Կատյան» գործում, շենգավիթյան գաղջ մթնոլորտում ապրող հերոսների համար ֆուտբոլը երազանք է, այլ կյանքի հնարավորություն: Այս համատեքստում ֆուտբոլն ու ռուս գեղեցկուհի Կատյան դառնում են լավ կյանքի ու երազանքների մարմնացումներ.
«Կարենը գետնին նստած ծխում ու երազում էր: Ինքը «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլ է խաղում, Բրազիլիա–Խորհրդային Միություն խաղն է, ու ինքը Բրազիլիայի կազմում է, խաբս տալով բոլոր պաշտպաններին` անցնում է ու դարպասապահի դիմաց մեն-մենակ է հայտնվում: Իր սիրած ձևով ցույց է տալիս, թե հարվածում է ու ապակողմնորոշված, գետնին պառկած դարպասապահի վրայով գնդակը ցանցի մեջ է ուղարկում: Հանդիսատեսները, ոտքի կանգնած, իր անունն են վանկարկում ու ծափահարում են: Մեծ լուսատախտակին խոշոր տառերով իր անունն է գրվում: Գժի պես վազում է, ու բրազիլացի խաղընկերները չեն կարողանում ետևից հասնել: Հանդիսատեսների դեմքերը լղոզված են, և բոլորն իրար նման են: Միայն Կատյային է պարզորոշ տեսնում: Նա ձեռքը թափահարելով ողջունում է և ժպտում․․․»(կարդալ ավելին՝ այստեղ)
Արամ Պաչյանի ֆուտբոլային մանկությունը
Արձակագիր Արամ Պաչյանն իր՝ «Փուչիկի տրիումֆն ու անկումը» կենսագրական ակնարկ-պատմվածքում ներկայացնում է մանկական տարիներին իր ֆուտբոլային փորձառությունն ու չստացված ֆուտբոլային կարիերան: Այստեղ նույնպես պատանի հերոսների համար ֆուտբոլը երազանք է, փոքրիկ հրաշալի ամպիկ, որը կարող է նրանց դուրս բերել տխուր իրականությունից, հանցագործ միջավայրից: Սակայն ինչպես նախորդ պատմվածքում, երազանքը՝ երազանք է մնում, քանի որ հերոսները դատապարտված են.
«Դպրոցը մոռացանք. մոռացանք տուն-տեղ, հեծանիվ, հոլ, հալամուլա, յոթ քար: Գժի պես էինք մարզվում: Առավոտյան վազում էինք Մանումենտի լիճ, լողանում սառը ջրի մեջ, հետո ասեղով ծակած հում ձու էինք խմում, սանրվում էինք մեր սիրած ֆուտբոլիստների պես: Էն ժամանակ կյանքը ուրիշ էր, ու ուրիշ էին ֆուտբոլային աստղերը: Մեր Կրիշտիանո Ռոնալդուն՝ Էրիկ Կանտոնան էր, Լեոնել Մեսին՝ Ջանլուկա Վիալին էր, Անդրես Ինիեստան՝ Էդգար Դավիդսն էր, մեր «Բարսելոնան» «Այաքսն» էր, «Ռեալը»՝ «Յուվենթուսը»: Թիմում մի պահ մանումենտցիք գերակայում էին ու մարզումից հետո համարյա միշտ տփում էին մեզ: Հետո մերոնք շատացան, ու սկսեցինք մենք տփել: Տփում էին իրար, քաշքշում, կծում, ընկնում էինք հողերի մեջ, թավալ գալիս, բայց առավոտյան մարզիչի մոտ երբեք ցույց չէինք տալիս ու խաղի ժամանակ զինվորների պես մեջք-մեջքի կռիվ էինք անում»(կարդալ ավելին՝ այստեղ):
Հովհաննես Երանյանի գյուղական ֆուտբոլը
Ի տարբերություն Արամ Պաչյանի ֆուտբոլիստ հերոսի, արձակագիր Հովհաննես Երանյանի «Նոր տարի» պատմվածքի հերոսը գյուղացի տղա է: Նա էլ գյուղական ծանր կյանքի ու աշխատանքների մեջ փայփայում է մեծ ֆուտբոլիստ դառնալու երազը: Մի պահ կորցնում հույսը, սակայն իր մեջ կամքի ուժ գտնելով, հաղթահարելով ցավը՝ վայելում գոլ խփելու հաճույքը.
«Տղան հասկացել էր, որ արդեն արագությամբ չի կարող վճռել խաղի ելքը, փորձում էր խորամանկ փոխանցումներով խաղընկերներին մեն-մենակ դուրս բերել հակառակորդի դարպասապահի դիմաց, բայց աջ ոտքի ցավը թույլ չէր տալիս գնդակը ճշգրիտ հասցեով տեղ հասցնել: Խաղի ավարտին հինգ-վեց րոպե էր մնում: Նա մի անգամ էլ փորձեց դաշտի կենտրոնից գնդակը բարձրից կախել դարպասի մոտ, հույսով, որ ընկերներից մեկը կկարողանա մրցակիցներից բարձր ցատկել, բայց փոխանցումը շատ բարձր ստացվեց: Մարզիչ Սեյրանը հասցրեց ճչալ. «Տո, էն ոչխարների մեջ ուր ա գլխով խաղացող, որ»…, բայց խոսքը կիսատ մնաց: Տղան էլ ձեռքը հասցրել էր թափ տալ ու շրջվել, հուսահատ ետ էր գնում իր թիմի պաշտպաններին օգնելու, բայց հենց այդ վայրկյանին ուրախության ճիչեր ու զվարթ գոչյուններ լսեց: «Գոլ, գոլ»,- գոռում էին թե՛ խաղընկերները, թե՛ համագյուղացի ու հարևան բնակավայրերից խաղը դիտելու եկած պարապ-սարապ ֆուտբոլասերները: Մինչև կշրջվեր տեսնելու, թե ինչ է կատարվել, ընկերները թռան ուսերին, գետին տապալեցին:
- Ապրես, ախպերս,- կողքին ընկած շշնջաց Արկադիկը,- չվախես, ես քեզ հեծանիվովս տուն կտանեմ, գիտեմ, որ չես կարողանում քայլես:
Հայրը սրբեց ճակատի քրտինքը, մի անգամ էլ խորը շունչ քաշեց ու տրորեց կողը, բայց երկինք նայելով տեսավ, թե ինչպես գնդակը գնաց-գնաց, պիտի դարպասից շատ մեծ բարձրությամբ անցներ, բայց մի պահ օդում կանգ առավ, կտրուկ փոխեց շարժման ուղղությունն ու մխրճվեց դարպասում:
- Գոլ, գոլ, մեռնեմ ոտքիդ… գոլ,- գոռաց բոլորի համար անսպասելի,- տեսա՞ք տղես ինչ գոլ խփեց»(կարդալ ավելին՝ այստեղ):
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան