Ավստրիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ Ֆրանց Վերֆելը(1890-1945) հայ ընթերցողին ծանոթ է առավելապես իր կոթողային՝ «Մուսա լեռան 40 օրը»(1933) վեպով։ Ուրախալի է, որ վերջերս Տ․Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի թարգմանությամբ և Գրիգոր Մովսիսյան ու Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ լույս է տեսել մեծ գրողի «Երեմիա․լսեք ձայնը» վեպը(1937)։ Վեպի գործողությունները սկսվում են 20-րդ դարում և շարունակվում Երեմիա մարգարեի գործունեության շրջանում։ Թեև վեպը ամբողջությամբ Երեմիայի գործունեությանն է նվիրված, սակայն հեղինակը կարևորելով ստեղծագործության գաղափարների ու ուղերձների ժամանակակից ընկալումը, հետագայում ավելացնում է նաև նոր ժամանակներին վերաբերող հատվածը, որտեղ Քլեյթոն Ջիվսը իր ընկնավորության կարճատև նոպայի մեջ հաղորդակից է լինում աստվածաշնչյան օրերի անանց իմաստություններին․ «Ինչպես «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, այստեղ էլ Վերֆելի նպատակը համարյա նույնն է՝ նախազգուշացնել մարդկությանը բարքերի ապականության, կռապաշտության և մարդկային աստվածադրոշմ նկարագրի խաթարման մասին, որոնք միշտ առաջնորդում են դեպի անխուսափելի կործանում: Այստեղ կա նաև ավելին։ «Երեմիա» անունով վեպի իբրև ենթավերնագիր, երբեմն էլ՝ ուղղակի իբրև վերնագիր, հեղինակը գրում է՝ «Լսե՛ք ձայնը», այսինքն՝ լսեք Տիրոջ ձայնը, քանզի Երեմիա մարգարեի (ն. Ք. 650–585) բերնով խոսողը հենց Ինքը՝ Աստված է: Տերն ասում է նրան. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի»: Այնուհետև Տերն իր ձեռքը երկարում է դեպի Երեմիան և դիպչում նրա բերանին՝ ասելով. «Ահա Իմ խոսքը քո բերանը դրեցի» (Երմ, գլուխ Ա): Ուրեմն, Երեմիան Աստծու ձայնի պատգամողն է ու տարածողը: Եվ այդ ձայնը, դժբախտաբար, չի լսվում մարգարեի ժամանակակիցների կողմից, ինչը պատճառ է դառնում Սեդեկիա թագավորի և Հուդայի երկրի ու ժողովրդի կործանման: Նույն վիճակն է նաև այսօր: Աշխարհն ու մարդկությունն ահասարսուռ կործանումից փրկելու համար պետք է անպայման լսել Աստծու հուսատու և կենսապարգև ձայնը, որի աղբյուրն է հիմնականում Աստվածաշունչը և աղոթքների միջոցով ձեռք բերված հոգևոր ներշնչանքը», -գրքի առաջաբանում գրում է թարգմանիչ՝ Հակոբ արքեպիսկոպոսը։ Art365-ը ներկայացնում է մի հատված վեպից։
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ
ԵՐԵՄԻԱ․ ԼՍԵՔ ՁԱՅՆԸ
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՄԻՋԱԴԵՊԸ
Ուրիայի կարծիքն ու Հուլդայի խոսքերը բացել էին Երեմիայի աչքերը: Ուրեմն, ոչ մի խաբկանք և Տիրոջ կողմից ոչ մի անհավատարմություն պատճառը չէին իր տառապանքի։ Իր սեփական անհնազանդության մեջ պետք է փնտրեր Աստծու ցավալի հեռացումի պատճառը: «Կապիր գոտին մեջքիդ ու գնա»: Հենց ինքը՝ Երեմիան, Տիրոջ այս հրամանը չափազանց մակերեսային էր մեկնաբանել: «Գնա» ասելը չի նշանակում՝ հեռացիր քո պատասխանատվությունից, կապերից, համայնքից, հայրական օջախի նկատմամբ պարտականությունից, որպեսզի անապատում դու լինես ինքդ քեզ հետ միայն: Այս «գնա»–ն նշանակում է բոլորովին հակառակը, այսինքն՝ ստանձնիր նոր` պարտականություն, արա այն, ինչ որ քեզ համար մինչ այդ ամենից հեռավորն եղել, ինչ որ պիտի լինի նաև ամենածանրն ու դաժանը, քեզ խորապես տանջողն ու վախեցնողը: Սակայն քեզ համար առայսօր ինչն է եղել ամենից հեռավորն ու տաժանելին, որ քեզ խորապես տանջել է ու վախեցրել։ Դա մարդկանց համայնքն է, կոպիտ, խառնակենցաղ, Աստծուց երես թեքած, որը բաղկացած է այնպիսիններից, որոնք հավասար են քո եղբայրներին։ Պարզ թվացող այդ «գնա» խոսքը հանկարծ նոր նշանակություն է ստանում, այսինքն՝ «գնա մարդկանց մոտ և խոսիր նրանց այն, ինչ որ Ես եմ խոսել քեզ հետ: Մտիր ժողովրդի մեջ և մի վախեցիր, այլ միայն վստահիր ինձ»: Այս ամբողջը կարծես թն այն ձայնը, որը կոչում էր իրեն, պարփակել էր իր խոսքերի մեջ:
Եվ Երեմիան, որպեսզի հնազանդ լինի Տիրոջը, ճամփա ընկավ: Մեկնումից առաջ նախորդ գիշերը, իր հոգում տարօրինակ հստակությունզգաց, միանգամից ըմբռնեց կապերն ու հարաբերությունները. մի բան որ իրեն իր ուսուցիչներից ոչ մեկը չէր սովորեցրել:
Քահանաները, ուսուցիչները և դպիրներն Իսրայելում անորոշ գաղափար ունեին այն մասին, որ տիեզերքի ստեղծման պատճառն ու մղումը եղել է «Աստծու ուրախությունը», սիրո լիառատ մղումը, խանդավառ շռայլությունը՝ մարդկային զգայարաններից ծածկված։ Հովսիա թագավորը Զատկի առթիվ` տաճարի ներքին գավիթում հռչակել էր Աստծու ուրախությունն իբրև տոնական ցնծության նշանաբան: Եվ Տիրոջը նվիրված յուրաքանչյուր տոն պետք է լինի արձագանքն այն սկզբնական սիրո ուրախության՝ հիշեցնելով այն ժամանակը, որն ավելի առաջ էր, քան բոլոր ժամանակները, որը «ինչպես երիտասարդ ցուլ» արածում էր անստեղծի մեջ: Երեմիայի համար «Աստծու ուրախությունը» այլևս վարդապետների ու քահանաների մեկնաբանությունը չէր, ոչ էլ չոր ու ցամաք, իրական ոչինչ չպարունակող մի գաղափար, այլ մի հզոր էքստազ, որը մինչ այդ չէր ճանաչել:
Երբ նա հիմա՝ ճանապարհորդության ընթացքում, վաղ առավոտվա աղջամուղջին կանգ էր առնում մի տան առջև, և արևն սկսում էր ծագել բլրի գագաթին և մի հին կաղնու դժգույն տերևները կանաչ փայլով էր պատում, ուրեմն այդտեղ էր «Աստծու ուրախությունը»:
Երբ իրիկվա դեմ գառների հոտերը, ինչպես սև ու ճերմակ ալիքների հեղեղներ, հողմածաղիկներով առատ լեռնային արոտավայրերի միջով ցած են իջնում, աճում են ստվերների տեսարանները, և ծարաված անասունները կուտակվում են ջրափոսի շուրջը, այնտեղ է, անիմանալի կերպով, «Աստծու ուրախությունը»: Այն համակում էր Երեմիային, երբ նա նայում էր խաղացող երեխաներին կամ քայլող այն կանանց, որոնք զգուշությամբ են տանում իրենց լեցուն կավե կուժերը՝ իրենց գլուխներին դրած: Յուրաքանչյուր պատկեր, յուրաքանչյուր նայվածք, յուրաքանչյուր բառ կարող են պատճառ լինել անմիջապես տպավորելու նրան: «Աստծու ուրախությունը» սկզբնապատճառն է աշխարհի ստեղծագործության, աղբյուրը պաշտամունքի և փառաբանության, ստեղծողի միավորումը ստեղծվածի հետ, հորը` իր որդիների հետ, բավարարումը՝ մահացու անհամբերության։ Տերը թայլ էր տալիս իր ուրախությունից անսպառելի մի փոքրիկ ճառագայթի` թափանցելու Երեմիայի հոգեզմայլանքների մեջ, որպեսզի նա կարողանա ճանաչել ու զատորոշել:
Եվ այդ պահերին նա ըմբռնում էր, որ արարածների համար Աստծու սկզբնական նպատակն է եղել իր ուրախությունը վերածելու մի անփոփոխելի և անընդմեջ գոյավիճակի, փոխադարձված երջանկազվարթ սիրո մի հավիտենական երգի:
Ի՞նչ էր պատահել, սակայն, որ այդ վիճակն ստացել էր բացասական հանգամանք: Մարդը չէր կամեցել գոհանալ ուրախության այդ հիասքանչ վիճակից, որն իրեն հավասարեցնում էր երկնային զորքերին՝ մինչև անգամ գերադասելով նրանց: Իր էության թերի մի հատվածը ենթակա էր եղել խավարային ազդեցությունների, որոնցից էլ ինքը՝ հաղթահարվել էր: Իր համար բավարար չէր լինել այն, ինչ որ էր, այսինքն՝ արարած: Դարձել էր ամբարտավան, ուզում էր լինել այն, ինչ որ չէր, այսինքն՝ արարիչ: Ամբարտավանության այս հանդուգն օրինազանցության միջոցով նա եղծել էր աստվածադիր կարգուկանոնը և իր սեփական կյանքը, որը դրանից հետո կորցրել էր իր իշխանությունը երկրի վրա ու ենթարկվել մահվան: Չպետք էր արդյոք Եահվե Սաբաովթը (Զորաց Տերը) զայրույթից բորբոքվեր նրա համար, որ իր նախընտրած արարածը չարաշահել էր ազատությունը և ոչնչացրել իր հաստատած կարգն ու ծրագիրը:
Մարդը երկրի վրա հեռացել էր Աստծուց, և երկնքում Աստված էլ հեռացել էր մարդուց: Այս հեռացումով էր սկիզբ առնում աշխարհի ընթացքը: Դա նման էր մի սառցակալման, անմխիթար մի կարծրացման: Այդուհանդերձ, նույնիսկ սրտերի ծայրահեղ կարծրացման մեջ, սառցակալված աշխարհի ծայրագույն ամայության մեջ մարդկանց հիշողությունից ամբողջությամբ չէր ջնջվել սկզբնական ուրախության հիշատակը:
Նրանք կրակ էին վառում իրենց զոհասեղաններին և այնտեղ ողջակեզներ դնում: Սակայն ի պատիվ ո՞ւմ էին ընծայաբերում դրանք. ի պատիվ բարձրաբնակ Բահաղի, Սարդուկի, Ներգալի, Աստարտի, Հաթորի, Ամոնի, Պտահի, Դագոնի, Մեղքոմի և այլ տասնյակ հազարավորների: Այս կուռքերը ժողովուրդների մեջ, այս նողկալի գարշանքները ուրիշ բան չէին, եթե ոչ մարդկային այն անմաքուր հիշողությունը Միակի հանդեպ: Քանզի այնտեղ, ուր կուռքն ու իր հեթանոսական մոլորությունն են իշխում, այնտեղ չի կարող գոյություն ունենալ այլ իշխանություն, քան մարդկային հոգու ծայրահեղ հոգնածությունը, որը չափազանց թույլ և անզոր է՝ մերձենալու համար Տեր Աստծուն: Զորությանց Տիրոջ անսահման ողորմածությունը միշտ զսպել էր իր վերջնական բարկությունը: Նա տեսնում էր, որ մարդիկ շատ տկար են Իրեն հասնելու համար: Հետևաբար, ողորմածորեն խոնարհվում էր դեպի նրանց սերունդները և հայտնվում էր նրանց իբրև մեկը, որ հետամուտ է հավատարմության ուխտ կնքել նրանց հետ: Բայց սերունդ սերնդի հետևից հեռանում են Նրանից: Երկար ժամանակ համբերությամբ սպասելուց հետո Նա որոշում է ոչնչացնել այլասերվածներին ու ամբարիշտներին, որոնք ընդդիմանում էին փրկությանը և շնորհին, քանզի նրանք ինքնին թշվառ էին, իսկ Իր ամենողորմ կամքի ու ծրագրերի համար էլ՝ անօգուտ: Երբ նա քառասուն օր ու գիշեր ջրի հեղեղներն ուղարկեց երկիր՝ թույլ տալով, որ դրանք կուտակվեն այնտեղ, խղճաց արարածին և ոչնչացումից փրկեց մի մարդու յուրայինների հետ, որպեսզի փրկվածների հետ կնքի առաջին ուխտը: Սակայն հենց Նոյի զավակները, որոնք դեռևս վկաներն էին կատարվածի, խախտեցին ու արհամարհեցին այդ ուխտը: Աշխարհը շարունակեց իր ընթացքը, և շուտով հետջրհեղեղյան սերունդը հավասարվեց նախաջրհեղեղյան սերունդներին:
Եվ Տերը նկատեց, որ բավարար չէր լինի սերունդների բազմության միջից առանձնացնել մի սերնդի, երբ գոյություն ուներ ընտանիքի մի գլխավոր, որի մեջ դեռ ապրում էր վսեմագույն հիշողության մի հետք, և այդ պատճառով էլ նա վարում էր մի բարեպաշտ կյանք՝ առավել, քան բոլոր մյուսները:
Հավիտենականը մի հիանալի ծրագիր հղացավ, որպեսզի կասեցնի աշխարհի անկումն ու խորտակումը. երկրում բնակվող հարյուրավոր ազգերի միջից ընտրեց ծեր և անզավակ մի մարդու, ում շնորհեց մի ուշացած զավակ, որպեսզի դրանով փորձի նրա նվիրումն ու պատկանելիությունն Աստծուն: Աբրահամը, սակայն, չմերժեց զոհել իր սիրելի որդուն և դրանով հաղթահարեց ամեհի փորձությունը: Այնքան մեծ էր այդ զոհաբերության արժեքը, որ Տիրոջ համար բավարար եղավ դրա վրա հիմնելու մի ամբողջ ժողովուրդ և այն ընտրելու բոլոր ժողովուրդների միջից․․․։
Աղբյուրը՝ Ֆրանց Վերֆել, Երեմիա. Լսե՛ք ձայնը /գերմաներենից թարգմ․ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Երևան, Հեղ. հրատ., 2022։